Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Նատալյա Վուտովային: Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ երկիր, հետաքրքրված է ԵԽ բոլոր կառույցների հետ համագործակցությամբ: ԵԽ գրասենյակի ղեկավարը գոհունակությամբ է խոսել ԵԽ նախարարների կոմիտեի 2013 թվականին Հայաստանի նախագահության մասին, ընդգծելով, որ վեցամսյա ժամկետում բարձր մակարդակով իրականացված Հայաստանի առաքելությունը ԵԽ-ում արժանացել է նաև կազմակերպության ղեկավարության դրական գնահատականներին: Նատալյա Վուտովան հույս է հայտնել, որ ԵԽ-ի գործողությունների նոր ծրագիրը ևս նույնպիսի հաջողությամբ կիրականացվի: